Մանվել Գրիգորյանին պատանդի կարգավիճակում դանդաղ մահվան են հասցնում. պաշտպան

13:13 • 18.12.18

Քաղաքական որոշում է կայացվել Մանվել Գրիգորային պատանդի կարգավիճակում պահելու և դանդաղ մահվան հասցնելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտան Լևոն Բաղդասարյանը` պնդելով, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահում են անօրինական, քանի որ կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

«Մանվել Գրիգորյանի գործով ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով, հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և կալանքի սանկցիան երկարաձգում է, դա անթույլատրելի է»,-մանրամասնեց նա:

Պաշտպանը հիշեցրեց, որ քրեական գործով Մանվել Գրիգորյանին յուրացման համար է մեղադրանք առաջադրվել, վարույթ իրականացնող մարմինը վնասը արձանագրել է 7 մլն դրամի չափով, որը դեռևս սեպտեմբերին փոխանցվել է դատախազության դեպոզիտ հաշվին:

Լևոն  Բաղդասարյանն ասաց, որ այս քրեական գործի շրջանակում ստուգումներ են սկսվել սկսած 90-ականներից՝ Մանվել Գրիգորյանին և նրա մերձավորներին պատկանող ընկերություններում:

«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը և հայտնաբերած ենթադրյալ խախտումները՝ վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք` որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները, ասում են՝ մաքսիմում 1 մլրդ դրամ, պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավել արժողությամբ գույք: Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը, երբ անձին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, բայց անձը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ, պատասխան չունենք»,-նշեց նա:

Փաստաբանը նշեց, որ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասում է երկրի անվտանգությանը և նրա իմիջին:

Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հետ կապված մտահոգություններ է հայտնել նաև ՄԻՊ-ը` արձանագրելով, որ Մանվել Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա:

«Պատկերացրեք, մարդը շաքար է ունեցել, բայց ինսուլինից կախվածություն չի ունեցել, 6 ամիս անց շաքարը 25 է , օրը երկու անգամ ընդունում է ինսուլինի բարձր դոզա, արդեն ունի կախվածություն: Եթե նոր Հայաստանի քաղաքականությունը ընտրովի արդարադատությունն է և իր քաղաքացուն դանդաղ սպանելն է, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ եթե ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգեց: Դատարանը՝ Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանն արդեն երկրորդ անգամ է նրա կալանքի ժամկետը երկարաձգում: