«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է համաներումից. պաշտպան

20:07 • 20.12.18

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման հիմքով: Այս մասին «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով առաջին դատական նիստից հետո նշեց Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Նա ասաց, որ Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հերքում է, որ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն է կատարել: «Առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց՝ տուժողի և երկու ենթադրյալ վկաների ցուցմունքները»,-շեշտեց նա:

Պաշտպանն ընդգծեց, որ կոնֆերանս-սրահում, որտեղ եղել է վերագրվող սպառնալիքը, եղել են 8 -ից ավել անձինք, միջնորդել են, որ առերեսում կատարվի, բայց նախաքննական մարմինը չի կատարել, բավարար ապացույցներ չկան, որ Արման Մկրտումյանի նկատմամբ բռնության սպառնալիք է տեղի ունեցել, ինչի հետևանքով որոշել է գրավադրել բնակարանը:

Պաշտպանը նաև նշեց, որ գործով տուժողը պարզապես կարծում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և իր անձնական կարիքների համար օգտագործած գումարը կարող է ինչ-որ կերպ վերադարձնել: Պաշտպանը հիշեցրեց, որ տուժողն ինքն էլ ընդունել է, որ «Ֆլեշը» 120 մլն դրամի վնաս է հասցրել, վերաքննիչում դրա մասով առանձին գործ կա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։

Փաստական տվյալների համաձայն՝  Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար:

Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2018թ. օգոստոսի 24-ին հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար: