Վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. Ժիրայր Սեֆիլյան

17:48 • 20.12.18

Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համահիմնադիր, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,- գրել է նա:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, դիմել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն դիմումն անպատասխան էր մնացել, իսկ արդեն 2006 թվականին մերժվել էր նրա երկրորդ դիմումը:

2006 թվականին Սեֆիլյանը ապօրինաբար զենք պահելու համար ձերբակալվել էր և դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման: Բանտարկության ժամանակ Սեֆիլյանը ևս մեկ անգամ դիմել էր քաղաքացիություն ստանալու համար, սակայն անձնագրերի և վիզաների վարչությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր ընդունել դիմումը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ս.թ. օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նա իր դիմումին նաև առանձին նամակ էր կցել, առ այն, որ ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծեր հետին թվով: