Սիրիայից զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ը շարունակելու է ճնշում գործադրել Սիրիայի և Իրանի վրա

03:24 • 20.12.18

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Միացյալ Նահանգները շարունակելու է ճնշում գործադրել Սիրիայի և Իրանի վրա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ իրենք շարունակելու են ակտիվ կերպով օգտագործել բոլոր հասանելի գործիքները, «որպեսզի փորձեն ազդել (Սիրիայի նախագահ Բաշար – Tert.am) Ասադի և նրա իրանցի օգնականների ռեժիմի պահվածքի վրա»:

Նա նաև հիշեցրել է այն տարատեսակ պատժամիջոցների մասին, որոնք Միացյալ Նահանգներն արդեն սահմանել է Իրանի և Սիրիայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից: Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերմանը զուգահեռ 24 ժամվա ընթացքում երկրից տարհանվում են նաև ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցները: