Ալբանիան որոշել է արտաքսել Իրանի դեսպանին. Ջոն Բոլթոն
Ալբանիան որոշել է արտաքսել երկրից Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ Twitter-ի իր պաշտոնական էջում:
Ըստ նրա՝ նման կերպ Ալբանիայի իշխանությունները դատապարտել են Իրանի՝ «ահաբեկչությանը ցույց տված աջակցությունը»:
« (Ալբանիայի) Վարչապետ Էդի Ռաման քիչ առաջ արտաքսեց Իրանի դեսպանին՝ հասկացնելով իրանցի առաջնորդներին, որ ահաբեկչությանն իրենց ցուցաբերած աջակցության հանդեպ հանդուրժողականություն չի դրսևորվելու», - գրել է Բոլթոնը:
Նշենք, որ Բոլթոնի այս հայտարարությունն Ալբանիայում դեռևս պաշտոնապես չեն հաստատել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալբանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից արտաքսել երկու իրանցի դիվանագետի:










