Ֆրանսիայի ՆԳՆ-ն և ոստիկանների արհմիությունները համաձայնության են եկել աշխատավարձերի բարձրացման շուրջ

14:58 • 20.12.18

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը և ոստիկանների 3 հիմնական արհմիությունները համաձայնության են եկել 2019թ.-ից աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, գրում է РИА Новости-ն՝ նախարության կայքին հղումով:

Ֆրանսիայի ոստիկանների արհմիությունները շաբաթվա սկզբին կոչ էին արել իրենց գործընկերներին հանդես գալ անվտանգության ուժերի ծախսերը կրճատելու, ինչպես նաև աշխատանքային ծանր պայմանների դեմ բողոքի ցույցով:

Ներքին գործերի նախարարի ու արհմիությունների ներկայացուցիչների միջև հանդիպումը կայացել է դեկտեմբերի 19-ի երեկոյան:


«Հանդիպման արդյունքում բանակցող կողմերը համաձայնագիր ստորագրեցին, որն առաջին հերթին նախատեսում է 2019թ.-ի հունվարի 1-ից 40 եվրոյով աշխատանքային փորձի համար հավելավճարների բարձրացում, ինչպես նաև ռիսկի դիմելու համար հատուկ պարգևների չափի ավելացում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:


Unité-SGP Police-FO արհմիության գլխավոր քարտուղար Իֆ Լեֆեբվրն ասել է, որ համաձայնագիրը նախատեսում է 2019-2020 թվականներին ոստիկանության աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 120-150 եվրոյով՝ կախված աստիճանից և աշխատանքային փորձից:

Ոստիկանների բողոքներն ի հայտ են եկել «դեղին անթև բաճկոնների» շարժման առաջ բերած մասշտաբային սոցիալական ճգնաժամի ֆոնին:  

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: