Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է բնակելի տուն և սպանել 3-ամյա երեխային
Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում վայրի ընձառյուծը ներխուժել է բնակելի տուն և հարձակվել երեքամյա երեխայի վրա, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Երեքամյա Վասին Աքրամը մոր հետ գտնվել է խոհանոցում, երբ գիշատիչը ներխուժել է տուն և հարձակվել երեխայի վրա: Նա մոր աչքերի առաջ բռնել է փոքրիկին և տարել անտառի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց երեխային գլխատված են հայտնաբերել:
Վերջին երկու ամսում սա գիշատչի արդեն երրորդ հարձակումն է մարդկանց վրա: Ավելի վաղ նույն շրջանում նա հարձակվել է մի ութամյա երեխայի վրա և հոշոտել նրան:
Վայրի բնության պաշտպանության ծառայության աշխատակիցները հայտնում են, որ տեսել են գիշատչին, սակայն առայժմ նրան բռնել չի հաջողվել:










