Մեքսիկայի նոր իշխանությունները կստուգեն նախագահական նստավայրից «թանկարժեք իրերի» անհետացման դեպքերը
Մեքսիկայի նոր իշխանությունները մտադիր են ստուգել և անհրաժեշտության դեպքում հետաքննել նախագահական նստավայրից որոշ իրերի կամ գույքի անհետացման դեպքերը: Այդ մասին հայտնել են Մեքսիկայի պետական ծառայության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երկրի նոր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որի նախագահական լիազորություններն ուժի մեջ են մտել այս տարվա դեկտեմբերի 1-ից, հրաժարվել է նախագահական կեցավայրից և այն դարձրել բաց ժողովրդի առաջ:
Միևնույն ժամանակ տեղական լրատվամիջոցները նշել են, որ կեցավայրի՝ նախկին նախագահի կողմից հանձնման ժամանակ նկատվել է որոշ արժեքավոր իրերի բացակայություն: Անհետացած իրերից որոշները դասվում են երկրի մշակութային ու պատմական ժառանգության շարքին:
Այժմ համապատասխան գերատեսչությունը նպատակ ունի 30 օրվա ընթացքում նախագահի աշխատակազմի ու Մշակույթի նախարարության հետ համատեղ համեմատել նախագահական նստավայրի, Ազգային պալատի ու մի քանի այլ պետական շենքերի գույքագրման ցուցակները:
Չի բացառվում, որ այդ ստուգումը կարող է ջրի երես հանել մի շարք կարևոր ու թանկարժեք իրերի բացակայությունը, ինչի դեպքում գործի կանցնեն Պետական ծառայության նախարարությունն ու այլ գերատեսչություններ:










