«Սուրբ Ծննդի գլխավոր խորհուրդը նվերների փոխանակումը չէ». Հռոմի պապը կոչ է արել սուրբծննդյան տոնն աշխարհիկ իրադարձության չվերածել

13:53 • 20.12.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Սուրբ Ծննդի գլխավոր խորհուրդը նվերների փոխանակումը չէ, և կոչ է արել այդ տոնն աշխարհիկ չդարձնել, գրում է Vatican News-ը:

«Աշխարհը հորդորում է նվերներով փոխանակվել այս տոնին, բայց ի՞նչ է իրականում ակնկալում Աստված»,- հարցադրել է նա:

Կաթոլիկների առաջնորդի խոսքով՝ Սուրբ Ծնունդը տոնել նշանակում է երկրի վրա ընդունել երկնքի պարգևը՝ մանուկ Հիսուսի ծնունդը, օգնել կարիքավորներին, ինչպես Հիսուսն էր մեզ օգնում, վստահել Աստծուն, ինչպես Մարիամ Աստվածածինը, անգամ եթե չենք հասկանում նրա ծրագրերը, և կատարել Աստծո կամքը:


«Խնդրում եմ, եկեք չկենտրոնանանք միայն ինքներս մեզ վրա և այս տոնն աշխարհիկ չդարձնենք»,- կոչ է արել Ֆրանցիսկոսը՝ բոլորին ուրախ տոն մաղթելով: