«Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը». Պուտին

13:45 • 20.12.18

Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: Այդ մասին Մոսկվայում մեկնարկած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ առաջնորդին ուղղված առաջին հարցերը կապված են եղել հիմնականում Ռուսաստանի ներքին տնտեսական խնդիրներին, Պուտինն իր հերթին մինչ հարցերի պատասխաններին անցնելը նախապատրաստել է սեղմ զեկույց՝ ներկայացնելով անցնող տարում կառավարության կատարած աշխատանքի արդյունքներն ու մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները:

«Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: 2021 թվականից կառավարությունը ծրագրում է ապահովել 3 տոկոսանոց աճ, հնարավոր են որոշակի տատանումներ, սակայն ամենակարևորը՝ մուտք գործել տնտեսությունների այլ հարթակ», - ասել է Պուտինը:

Ըստ նրա՝ երկիրը նոր առաջընթացի կարիք ունի:

«Առանց դրա չկա ապագա: Առանց հստակ նպատակների առաջադրման անհնար է հասնել վերջնական արդյունքի: Դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ: Կառավարությունն ու աշխատակազմը զբաղվում են դրանց փնտրտուքներով», - նշել է Պուտինը:

Նշենք, որ այս տարի ավանդական ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում: 

Սա Վլադիմիր Պուտինի համար նախագահի պաշտոնում այս տարի վերընտրվելուց հետո առաջին և 2001 թվականից ի վեր 14-րդ ասուլիսն է, երբ հիմք դրվեց տարեվերջյան մեծ ասուլիսի ավանդույթին: