«Եթե նրանք որոշել են դուրս բերել զորքը, դա ճիշտ որոշում է». Պուտինը՝ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշման մասին

15:04 • 20.12.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին որոշմանը, որի մասին հայտնի է դարձել նախօրեին:

«ԱՄՆ զորքը 17 տարի ներկա է Աֆղանստանում, և ամեն տարի նրանք խոսում են այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Բայց նրանք դեռ այնտեղ են»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ իրենք դեռ չեն տեսնում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ապացուցող նշաններ, սակայն չեն բացառում նման սցենարը:

Նա նկատել է, որ ամերիկյան զորքի ներկայությունը Սիրիայում օրինական չէ, քանի որ դրա վերաբերյալ չկա ո՛չ ՄԱԿ-ի համապատասխան որոշում, ո՛չ էլ Սիրիայի գործող իշխանությունների հրավերը կամ համաձայնությունը:

«Եթե նրանք որոշել են դուրս բերել զորքը, դա ճիշտ որոշում է», - նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ համատեղ միջազգային պայքարին՝ իրենք գոհ են ամերիկացի գործընկերների հետ համագործակցության արդյունքներից:

Նշենք, որ մի խումբ ամերիկացի սենատորներ կոչ են արել Դոնալդ Թրամփին վերանայել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումը՝ պնդելով, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդմանը: