Գերմանական Spiegel-ի թղթակիցը խոստովանել է, որ վերջին 7 տարիներին հրապարակած հոդվածների մի մասը հորինել է

14:20 • 20.12.18

Գերմանական Spiegel թերթի թղթակից Կլաաս Ռելոցիուսը խոստովանել է, որ վերջին 7 տարիների ընթացքում հրապարակած հոդվածների մեջ խեղաթյուրել է փաստերն ու պատմություններ հորինել, հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես գրում է Spiegel-ը, լրագրողի անբարեխղճության վերաբերյալ կասկածները հայտնվել են գործընկերոջ՝ Խուան Մորենոյի մոտ: «Որսորդի սահմանը» վերնագրով համատեղ հոդվածի լույս տեսնելուց հետո Մորենոն իր կասկածների մասին հայտնել է թերթի տնօրինությանը: Պարզվել է, որ լրագրողը դիտավորյալ ամբողջ հատվածներ է հորինել ոչ միայն այդ հոդվածում, որտեղ խոսքը Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին պարեկության մասին է, այլև շատ այլ հոդվածներում:


2011թ.-ից ի վեր Ռելոցիուսը 60 հոդված է գրել, որոնք հրապարակվել են Spiegel թերթում: Լրագրողն ընդունել է մեղքը՝ ասելով, որ առնվազն 14 հոդված այս կամ այն կերպ հորինված է եղել:

Բացի այդ՝ Ռելոցիուսը բազմիցս արժանացել է մրցանակների: Նա CNN-ի վարկածով տարվա լրագրող է ճանաչվել և ընդգրկվել Forbes-ի վարկանշային ցանկում:

Թերթի ղեկավարությունը մտադիր է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի լրագրողի հոդվածների մեջ փաստերի աղավաղման դեպքերը: