ԱՄՆ գանձապետարանը որոշել է չեղարկել «Ռուսալ-Արմենալ» ընկերության վրա անուղղակի ֆինանսական ճնշում գործադրող պատժամիջոցները

23:33 • 20.12.18

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ չեղարկելու պատժամիջոցները, որոնք անուղղակի, սակայն նշանակալի ֆինանսական ճնշում էին գործադրում «Ռուսալ-Արմենալ» գործարանի նկատմամբ:

Ինչպես ԱՆԿԱ-ն ընդգծում է, հայաստանյան խոշոր գործարաններից մեկը հանդիսացող «Ռուսալ-Արմենալը» բարձրորակ փայլաթիթեղ է արտահանում նաև ԱՄՆ և այլ միջազգային շուկաներ:

ԱՄՆ գանձապետարանը դեկտեմբերի 19-ին որոշում է կայացրել՝ տեղեկացնելով, որ 30 օրից կդադարեցնի «Ռուսալ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Ընկերությունները համաձայնել են նշանակալի վերակազմավորումներ և կառավարման ոլորտում փոփոխություններ անել՝ կարգավորելու այն հանգամանքները, որոնք բերել են դրանց սահմանմանը, այդ թվում՝ նվազեցնել Օլեգ Դերիպասկայի ուղղակի և անուղղակի մասնաբաժինն այդ ընկերություններում՝ մինչև 50 տոկոս, ինչպես նաև համաձայնել են աննախադեպ թափանցիկություն ապահովել՝ համապատասխան աուդիտի և հաշվետվության պահանջներին», -ասվում է ԱՄՆ գանձապետարանի ծանուցագրում:

2018-ի ապրիլի 6-ին Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել «Ռուսալ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկայի և այլ ռուս օլիգարխների ու նրանց հետ առնչություն ունեցող 12 ընկերության նկատմամբ: