Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանն անօդաչու սարքերի հետ կապված միջադեպից հետո վերսկսել է աշխատանքը

13:39 • 21.12.18

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանը տարածքում երկու անօդաչու թռչող սարքերի հայտնվելուց հետո վերսկսել է աշխատանքը, առաջիկա ժամերին նախատեսվում են մի քանի թռիչքների մեկնումներ և ժամանումներ, հաղորդում է BBC-ն:

Երեկ՝ դեկտեմբերի 20-ի գիշերը, օդանավակայանում բոլոր չվերթները հետաձգվել էին: Պատճառը տարածքում երկու անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին տեղեկությունն էր: Նույն օրը ցերեկը տարածքում նոր անօդաչու սարքերի ակտիվության պատճառով օդանավակայանի աշխատանքը կաթվածահար վիճակում էր հայտնվել: 

Դեպքն ավելի քան հարյուր հազար մարդու ծրագրեր է խախտել: Անգլիական Սասեքսի դքսության ոստիկանության տվյալներով՝ անօդաչու սարքերի պատճառով օդանավակայանի աշխատանքի կաթվածահար լինելը կապված չէ ահաբեկչության հետ: