Տղամարդը խնդրել էր տոլմա փաթաթելու ձևն ասեն, իսկ տարեց քաղաքացին հարցրել` ինչու իրենք նվերներ չեն ստանում Ձմեռ պապից. ԱԻՆ ստացված զավեշտալի զանգերից

13:24 • 01.01.19

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը տարվա ընթացքում, երբեմն ստանում է նաև զավեշտալի զանգեր: ԱԻՆ լրատվության վարչությունից Tert.am-ին են տրամադրել այդ զանգերից մի քանիսը, որոնց, ըստ նրանց, փրկարարներն արձագանքում են անխտիր:

Դեպք 1

Քաղաքացին՝ տղամարդ, զանգահարել էր և ասում էր, որ չգիտեն տոլմա փաթաթելու ձևը, և օգնություն էր խնդրում։

Դեպք 2

Մի տարեց քաղաքացի զանգահարել է և, մտածելով, թե խոսում է ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ հետ,  հարցրել, թե ինչու տարեցները նվերներ չեն ստանում ձմեռ պապից:

Դեպք 3

Զանգահարում է  կիսով չափ ռուսախոս քաղաքացի և ասում է, որ իրենց 9-րդ հարկի բնակարանի լվացարանից իր վրա ֆշշացնում է մի գյուրզա, ապա հայերեն հայհոյում և անջատում  հեռախոսը: Զանգահարողը, միևնույն ժամանակ, հրաժարվում է հայտնել իր անձնական տվյալները՝ անուն, ազգանունը: Հետադարձ զանգի ժամանակ քաղաքացին, սակայն, հայտնում է, որ ինքը ծառայել է Աֆղանստանում և հիմա արդեն օձին սատկացրել է և փրկարարների օգնության կարիքը այլևս չկա: Այս անգամ քաղաքացին կիսով չափ խոսում է հայերեն և ճշտող հարցին, թե ինչու առաջին զանգի ժամանակ չի խոսել հայերեն, պատասխանեց, որ ինքը հայերեն գիտի, բայց ազգությամբ կիսով չափ ռուս է, և շնորհակալություն հայտնեց հետադարձ զանգի համար: Ավելի ուշ քաղաքացին հայտնեց, որ սխալվել է և պատուհանից ընկած ստվերն է օձ համարել:

Դեպք 4

Զանգահարել էր քաղաքացի` տղամարդ, և ցանկանում էր ճշտել` կարո՞ղ է Գագիկ Սուրենյանը անվադողերի բիզնես ունի, քանի որ հաղորդում է, որ սպասվում են տեղումներ, բոլորը փոխեն անվադողերը, բայց եղանակը չի փոխվում: