Սևանում համաքաղաքացուն ապակյա բաժակով հարվածած 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

15:22 • 03.01.19

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 23-ամյա բնակչի:


ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:


Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2016 թվականի հուլիսի 9-ին Սևան քաղաքի սրճարաններից մեկում 1995 թվականին ծնված երիտասադրը վեճի է բռնվել նույն քաղաքի՝ 1988 թվականին ծնված բնակչի հետ և ապակյա բաժակով դիտավորությամբ հարվածել համաքաղաքացու աջ աչքի շրջանին՝ պատճառելով ծանր վնաս:


Ձեռք բերված ապացույցների հիման վրա 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:


Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: