ANCA-ն սպասում է նոր տարում դեսպան Թրեյսիի հետ աշխատելուն՝ բարելավելու համար ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունները. Արամ Համբարյան

21:55 • 03.01.19

Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թվականը կսկսեն ԱՄՆ նոր դեսպանների՝ Լին Թրեյսիի և Իրլի Լիտցենբերգերի հետ, որոնց թեկնածությունը հաստատվել է Սենատում քվեարկության արդյունքում, որը տեղի է ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիայի հարցերը քննարկելուց հետո: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:


«Հաջորդելով Հայաստանում խաղաղ քաղաքական անցման և ժողովրդավարական զարգացման տարվան՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անհամբերությամբ սպասում է նոր տարում դեսպան Թրեյսիի հետ աշխատելուն՝ բարելավելու համար ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունները»,- շեշտել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հույս հայտնելով, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտահրավեր կնետի Ալիևի հակահայկական բռնությանը և բացեիբաց կհակադարձի ռեժիմի՝ գնալով վատթարացող ճնշումներին ներքին այլախոհության նկատմամբ»:


Ինչպես նշվում է, Լին Թրեյսիի թեկնածության հաստատումը հետևել է սենատորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարքիի կողմից Սենատում անցկացված լսումներին, որոնց ժամանակ դեսպանի թեկնածուին հարցեր են ուղղվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչմանը խոչընդոտելու հարցում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:


Սենատորների հարցադրումներին պատասխանելիս Թրեյսին խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ նշելով, որ «Թրամփի վարչակազմն ու ինքն անձամբ ճանաչում են Օսմանյան կայսրության փլուզման տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանություններն ու տեղահանությունները, որոնք 1,5 մլն մարդու կյանք են խլել»:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: 


Նշենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպաններին առաջադրում է նախագահը, սակայն հաստատում Սենատը: Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը: