Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջում Խաշոգջիի սպանության գործով 5 կասկածյալների համար

16:06 • 03.01.19

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 11 կասկածյալներից 5-ի համար, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ այսօր Էր Ռիադում կայացել է լրագրողի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը, շարիաթական օրենքի հիման վրա կազմված մեղադրական ակտով դատախազությունը պահանջել է մահվան դատապարտել կասկածյալներից 5-ին:

Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը ձերբակալության հրաման էր արձակել Խաշոգջիի գործով 15 կասկածյալների վերաբերյալ ու պահանջել նրանց արտահանձնել Թուրքիային, քանի որ սպանությունը տեղի է ունեցել այդ երկրի տարածքում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: