Թրամփը հայտնել է, որ «հրաշալի նամակ» է ստացել Կիմ Չեն Ընից

13:59 • 03.01.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրաշալի նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից և որ մոտ ապագայում նրանք պատրաստվում են կրկին հանդիպել, գրում է Bloomberg-ը:

«Մենք իսկապես շատ լավ հարաբերություններ ենք հաստատել», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Որպես իր խոսքերի ապացույց Թրամփը հիշեցրել է անցած տարի Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպումն ու պնդել, որ եթե ինքն ու Հս. Կորեայի առաջնորդը լավ հարաբերություններ չհաստատեին՝ «Ասիայում արդեն մեծ պատերազմ կմոլեգներ»:

Կիմ Չեն Ընից ստացած նամակի մասին մանրամասներ Թրամփը չի հայտնել:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը նամակ է հղել նաև իր հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինին՝ հույս հայտնելով, որ 2019-ին նախատեսված իրենց հանդիպումը կնպաստի Կորեական թերակղզում խաղաղության ու բարգավաճման հաստատմանը: