Բեռլինի 2 օդանավակայանում չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել՝ անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով
Բեռլինի Թեգել և Շոնեֆելդ շրջանների օդանավակայաններում տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են անվտանգության աշխատակիցների կազմակերպված գործադուլի պատճառով, գրում է Berliner Morgenpost-ը:
Verdi արհմիության կոչով գործադուլի անցած աշխատակիցները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը՝ նշելով, որ դա պետք է դառնա գործատուի համար «առաջին նախազգուշական ազդանշանը»:
Հայտնի է, որ բազմաթիվ ուղևորներ նախապես տեղյակ են եղել գործադուլի մասին:
Սպասվում էր, որ այն կազդի մոտ 80 չվերթի վրա: Berliner Zeitung-ը փոխանցում է, որ մոտ 50 ուղղությամբ չվերթների իրականացումն ուղեկցվել է խնդիրներով, իսկ Շոնեֆելդի օդանավակայանում հետաձգվել է 25 չվերթ:
Նշվում է, որ շուրջ 23 000 աշխատակցի անունից ներկայացող Verdi արհմիության հետ տարվող բանակցությունները մինչ օրս որևէ արդյունք չեն տվել:










