Բրազիլիայում տղամարդը փորձել է կողոպտել մարզուհուն և ծեծի է ենթարկվել նրա կողմից
Բրազիլուհի Պոլյանա Վիանան, որը հանդես է գալիս Բացարձակ մենամարտերի առաջնությունում (UFC), ծեծի է ենթարկել կողոպտիչին, որն իր վրա է հարձակվել Ռիո դե Ժանեյրոյում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, մարզուհին տաքսի է սպասելիս եղել իր տան մոտ, երբ իրեն մոտեցել է անծանոթ տղամարդն ու ժամ հարցրել: Նա պատասխանել է, սակայն նկատել է, որ վերջինս չի հեռանում: Երբ աղջիկը ցանկացել է տեղավորել հեռախոսը, տղամարդն ասել է, որ այն իրեն տա և չփորձի դիմադրել:
Մարզուհին որոշել է վնասազերծել զինված տղամարդուն՝ չսպասելով նրա հարձակմանը: Նա մի քանի հարված է հասցրել չարագործին: Փորձելով պահել նրան՝ Վիանան անցորդներին խնդրել է ոստիկանություն կանչել: Իրավապահները եկել և տարել են տղամարդուն, որի դեմքը պատված է եղել կապտուկներով:
Համապատասխան լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթը:
27-ամյա Վիանան կարիերան սկսել է 2013-ին: Այս ժամանակահատվածում նա 12 մենամարտ է անցկացրել, որոնց արդյունքում 10 հաղթանակ և երկու պարտություն է գրանցել:










