Մալայզիայում թագավորի անսպասելի հրաժարականից հետո նոր միապետ կընտրվի

14:52 • 07.01.19

Մալայզիայում Մուհամեդ V թագավորի անսպասելի հրաժարականից հետո թագավորական ընտանիքների անդամները հունվարի 24-ին նոր միապետ կընտրեն, իսկ պաշտոնական թագադրումը տեղի կունենա հունվարի 31-ին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 6-ին, թագավորն ընդամենը 2 տարի իշխելուց հետո երկրի պատմության մեջ առաջին անգամ վաղաժամ հրաժարվել է գահից: Հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

49-ամյա թագավորն առողջական խնդիրների պատճառով երկու ամիս արձակուրդում գտնվելուց հետո իր պարտականություններին էր վերադարձել միայն անցյալ շաբաթ:

Անցյալ տարվա նոյեմբերին Մուհամեդ V-ն ամուսնացել է «Միսս Մոսկվա-2015» տիտղոսին արժանացած գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի հետ:

Մալայզիան սահմանադրական միապետություն է, որտեղ թագավորի դերը հիմնականում խորհրդանշական է: Միապետն ընտրվում է 5 տարին մեկ՝ 9 սուլթանների կողմից, որոնք միասին կազմում են օրենսդիր մարմինը՝ Կառավարիչների խորհուրդը: Երկրի օրենքի համաձայն՝ գահը թափուր մնալուց հետո 4 շաբաթվա ընթացքում պետք է նոր թագավոր ընտրվի: