Սաուդյան Արաբիայի քաղաքացի առաջին բորտուղեկցորդուհիներն աշխատանքի կանցնեն արդեն այս ամիս

14:46 • 07.01.19

Սաուդյան Արաբիայի քաղաքացի առաջին բորտուղեկցորդուհիները սաուդյան Flynas ավիաընկերությունում աշխատանքի կանցնեն արդեն այս ամիս, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավիաընկերությունից հայտնել են, որ սաուդցի բորտուղեկցորդուհիների առաջին խումբն արդեն ավարտել է նախապատրաստական փուլն ու պատրաստ է աշխատանքի անցնել հունվարին: Առաջիկա երկու տարիների ընթացքում Flynas-ը պատրաստվում է 300 սաուդցի բորտուղեկցորդ-ուղեկցորդուհիների վերապատրաստել:

Նշվում է, որ ուղեկցորդուհիների համազգեստը համապատասխանելու է սաուդյան ավանդույթներին, այս աշխատանքին հավակնող կանանցից պահանջվում է միջնակարգ կրթություն, անգլերենի իմացություն ու միջազգային ավիացիոն չափանիշներին համապատասխան քաշ և հասակ:

Անցյալ տարի պատմության մեջ առաջին անգամ սաուդցի կանանց թույլատրվել է վարորդական իրավունք ստանալ ու անգամ աշխատել որպես տաքսու վարորդ: Այս քայլը մաս է կազմում սոցիալ-տնտեսական լայնամասշտաբ բարեփոխումների, որոնք երկրում սկսել է սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը: