Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիետնամում

15:38 • 07.01.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպումը կարող է կազմակերպվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավկորեական Munhwa Ilbo թերթը:

Աղբյուրը նշում է, որ երկու երկրների ներկայացուցիչներն արդեն նախնական հանդիպում են ունեցել ու քննարկել նախագահների հանդիպման հետ կապված կազմակերպչական հարցերը:

Նշվում է, որ որպես հավանական տարբերակներ քննարկվել են Ինդոնեզիան, Մոնղոլիան, ամերիկյան Հավայի նահանգն ու Հս. և Հրվ. Կորեաների միջև սահմանային անցակետ հանդիսացող Փհանմունջոմը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, ըստ որի Թրամփի վարչակազմը սկսել է հարմար վայր փնտրել ԱՄՆ առաջնորդի ու նրա հյուսիսկորեացի գործընկերոջ սպասվող հանդիպման համար: 

Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ հարմար վայրի փնտրտուքները սկսվել են դեռ մինչ Թրամփի այն հայտարարությունը, որով նա օրեր առաջ տեղեկացրեց Կիմ Չեն Ընի հետ «ոչ այնքան հեռու ապագայում» կրկին հանդիպելու հավանականության մասին:

Դեռևս հունվարի 3-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրաշալի նամակ է ստացել Կիմ Չեն Ընից և որ մոտ ապագայում նրանք պատրաստվում են կրկին հանդիպել: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018-ի ամռանը՝ Սինգապուրում: