Բագրատաշենում երիտասարդները փակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են վարչական ղեկավարի հրաժարականը

13:13 • 08.01.19

Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն բնակավայրում մի քանի տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա են նախաձեռնել: Նրանք այսօր փակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանի հրաժարականը: 

Tert.am-ի հետ զրույցում Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը նշեց, որ այս պահին բողոք ներկայացնող կողմը, համայնքի ղեկավարը և ինքը նստել են մի սեղանի շուրջ և փորձում են հարցը քննարկել, մեկ հայտարարի գալ:

Ըստ Պարանյանի՝ բողոքի ցույցի մասակիցները դժգոհ են համայնքի վարչական ղեկավարի աշխատանքից, նշելով, որ նա թերանում է իր աշխատանքում, գիշերային լուսավորություն չի ապահովում, խմելու ջրի, աղբահանության խնդիրներ կան և այլն:

Խոշորացված համայնքի ղեկավարը հաստատեց, որ Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը Հանրապետական կուսակցությունից է, իսկ ակցիան նախաձեռնել է Բագրատաշեն բնակավայրում նախկին ԲՀԿ-ական և հիմա «Իմ քայլը» դաշինք ներկայացնող ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը:

Հարցին, թե ավագանու բոլո՞ր անդամներն են բողոքին միացել, թե միայն Մհեր Բաղդասարյանն է, Արայիկ Պարանյանը նշեց, որ մյուսները չեն միացել:

Իսկ թե արդյոք նման ակցիայի համար հիմք է հանդիսացել այն, որ Արկադի Մակյանը համայնքին հասնող գումարները գրպանե՞լ է, Արայիկ Պարանյանը հերքեց. «Իհարկե ոչ, տենց բան չկա, ընդհակառակը, ուղղակի  ասում են համայնքի համար պետք է բաներ անի, չի անում: Թե ինչքան ֆինանս կա, ամեն ինչ թափանցիկ է,  տեղյակ են, ինչքան բյուջեում գումար ունենք և ծրագրով ինչ է նախատեսված, պլանով պետք է շարժվենք»:

Նա նաև հեքեց այն պնդումը, թե գյուղի փողոցներն ընտրողաբար են լուսավորում: «Ընդհակառակը, միայն իրանց թաղամասը չի լուսավորված: Հիմա պետք է աշխատանքներ տանեն, որ ամբողջ գյուղում լուսավորություն լինի, ոչ թե մենակ այդ մի թաղամասում: Հիմա արդեն այդ աշխատանքներն ենք տանում, որ ամբողջ գյուղերի լուսավորությունը ապահովվի»,-ասաց նա: