Վրաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը հետաձգել է բեռնատարներով ապրանքների ներկրումն արգելելու մասին որոշումը. Արմեն Փամբուխչյան

13:51 • 08.01.19

Վրաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը հետաձգել է բեռնատարներով ապրանքների ներկրումն արգելելու մասին որոշումը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Կարծում եմ՝ այս որոշումը չի փոխվի, վրացական կողմը պարզապես բարեկամական քայլ է արել, որպեսզի մեր փոխադրող ընկերությունները լուծեն լոգիստիկ խնդիրները»,- ասաց Փաբուխչյանը։

Փոխնախարարը նշեց, որ այս պահին բանակցություններ, որպես այդպիսին, չկան, իսկ այս որոշումն, ըստ էության, փոփոխության չի ենթարկվի։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով, թույլատրվում է միայն երկաթուղով։ Նաև հաղորդվել էր նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշում են կայացրել, որպեսզի 2018 թվականի սեպտեմբերի 1-ից 52%-ով նվազեցվի Փոթի նավահանգստից Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները: