Գերմանիայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Բունդեսթագի պատգամավորին (լուսանկար)

17:31 • 08.01.19

Գերմանիայի Բրեմեն քաղաքում անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Ֆրենկ Մագնիտցի վրա: Նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, գրում է BBC-ն:

Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 7-ին՝ տեղական ժամանակով 17:20-ի սահմաններում: Ինչպես հաղորդվում է, երեք դիմակավոր տղամարդիկ փայտով հարվածել են պատգամավորի գլխին՝ նրան ուշագնաց անելով, որից հետո սկսել են ոտքով հարվածել նրա գլխին:

Ոստիկանությունից հաղորդվում է, որ հարձակումը կարող էր քաղաքական դրդապատճառներ ունենալ: Ոստիկանությունը և Բրեմեն քաղաքի դատախազությունը հետաքննություն են սկսել:

Ավելի վաղ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության՝ Դյոբելն քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակի մոտ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով ոչ ոք չէր տուժել: