Ավստրալիայում թունավոր մեդուզաները հայտնի լողափերի փակման պատճառ են դարձել
Ավստրալիայի ափերին պորտուգալական նավակներ անունով հայտնի կապույտ մեդուզաներ են հայտնվել, ինչը երկրի հյուսիսարևելյան հայտնի լողափերի փակման պատճառ է դարձել, հաղորդում է SBS News-ը:
Դեկտեմբերի 1-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում թունավոր մեդուզաների խայթոցի պատճառով ավելի քան 22 հազար մարդ բուժհաստատություններ է դիմել:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պորտուգալական նավակներից բացի Ավստրալիայի ափերին բնակվում են նաև Իրուկանջի անունով վտանգավոր մեդուզաները, որոնց խայթոցից այս սեզոնին 22 մարդ է հոսպիտալացվել, ինչը կրկնակի բարձր է վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ցուցանիշից:
Իրուկանջիները քիչ ուսումնասիրված տեսակ են: Դրանց մարմինը գետնանուշի չափ է, սակայն շոշափուկների երկարությունը մինչև 1 մետրի է հասնում: Մեդուզային ձեռք տալն ամբողջ մարմնի ուժեղ ցավ, շնչարգելություն, սրտխառնոց, ջերմություն և նյարդային խանգարումներ է առաջացնում:










