Ռուսական ռազմական ոստիկանության ուժերը սկսել են հսկողություն իրականացնել սիրիական Մանբիջում
Ռուսական ռազմական ոստիկանության ուժերը սկսել են հսկողություն իրականացնել Սիրիայի հյուսիսային Մանբիջ շրջանում, ուր պատրաստվում էր մտնել թուրքական ԶՈւ-ն:
Ինչպես գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին լուրը հաստատել է ոստիկանության ներկայացուցիչ Յուսուպ Մամատովը:
«Այսօր մենք անցել ենք բնակելի Մանբիջ շրջանում ու դրա շրջակայքում գտնվող անվտանգության գոտում հսկողության իրականացմանը: Մեր խնդիրն է ապահովել տեղի անվտանգությունը մեր պատասխանատվության տակ գտնվող գոտում, վերահսկել իրավիճակն ու զինված միավորումների տեղաշարժը», - ասել է Մամատովը:
Հայտնի է, որ ռուս զինվորականներն արդեն անցել են տասնյակ կիլոմետրեր Մանբիջի Մելմիրան, Աջամի, Ելանլը, Ելիբաֆար քաղաքներով, հետագայում այս ուղղությունները պարբերաբար փոփոխվելու են:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ իրենք պարբերաբար տեղեկություններ են ստանում տեղի բնակիչներից ականների ու այլ զինատեսակների չվնասազերծված ստորգետնյա թաքստոցների մասին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Անկարան և Վաշինգտոնը հավանության են արժանացրել սիրիական Մանբիջում իրավիճակի կայունացմանն ուղղված «ճանապարհային քարտեզը», իսկ նոյեմբերի 1-ին հայտարարվել է, որ թուրք և ամերիկացի զինծառայողները համատեղ հերթապահություն են սկսել սիրիական Մանբիջում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ամերիկյան կողմը չապահովի քրդական զինված ջոկատների դուրսբերումը Մանբիջից՝ թուրքական ԶՈւ-ն կանցնի մեծամասշտաբ ռազմական գործողությունների:
Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է ներխուժել Մանբիջ և քուրդ զինյալների դեմ լայնածավալ գործողություն սկսել: Գրեթե նույն ժամանակահատվածում հայտնի դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու որոշման մասին:
Քրդական ուժերը դիմեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ կոչ անելով պաշտպանել իրենց թուրքական ներխուժումից ու պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանի դաշնակից Ասադի հետ բանակցությունների դուրս եկած քրդերը նաև համաձայնեցին սիրիական բանակի վերահսկողությանը հանձնել Սիրիայի հյուսիսային այն տարածքները, որոնք գրավել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ժամանակ:










