Հրապարակվել է անձնագրերի հզորության վարկանշային աղյուսակը. Հայաստանը 79-րդ տեղում է
Հրապարակվել է անձնագրերի հզորության 2019-ի նոր վարկանշային աղյուսակը՝ ըստ երկրների քանակի, որոնք կարող է այցելել տվյալ անձնագրի տերն առանց մուտքի արտոնագրի:
Վարկանշային աղյուսակը կազմել է Henley Passport Index ամենամյա դասակարգող կառույցը, որը հիմնվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների վրա:
Հայաստանը նոր վարկանշային ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 61 երկիր: Նույն հորիզոնականը մեր երկրի հետ կիսում են Մոնղոլիան, Մարոկկոն, Բենինը, Հնդկաստանը:
Առաջատարը Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են այցելել 190 երկիր: Ծագող արևի երկրին հաջորդում են Սինգապուրը, Հարավային Կորեան (189 երկիր), Ֆրանսիան, Գերմանիան (188), Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան (187), Լյուքսեմբուրգը, Իսպանիան (186), Ավստրիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան (185):
Հարևան երկրներից Թուրքիան զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը (111 երկիր), Վրաստանը՝ 51-րդ (114 երկիր), Ադրբեջանը՝ 74-րդ (66 երկիր):










