Պերուում 12-ամյա տղան մեկ օրով նախարար է դարձել
Պերուի 12-ամյա բնակիչ Խեսուս Մամանի Ռամոսը մեկ օրով երկրի զարգացման և սոցիալական ինտեգրման նախարար է դարձել: Այս մասին տեղեկանում ենք նախարարության թվիթերյան էջից:
Երկրում իրականացվում է «Միասին» հասարակական ծրագիրը, որն ուղղված է երկրի աղքատ խավին կրթության և առողջապահության ոլորտներում տարաբնույթ ծառայություններ մատուցելուն: Վիճակագրական տվյալների ազգային ինստիտուտի տվյաներով՝ 2017թ.-ի դրությամբ երկրում աղքատների թիվը շուրջ 7 մլն է, այլ կերպ ասած՝ աղքատները բնակչության 18%-ն են կազմում:
Ծրագրի շրջանակում գրի են առնվել անապահով ընտանիքների երեխաների սուրբծննդյան ցանկությունները: Խեսուս Ռամոսը հայտնել էր վատ կենսապայմաններում հայտնված երեխաներին օգնելու ցանկության մասին, իսկ զարգացման և սոցիալական ինտեգրման նախարարը նրան հրավիրել էր մայրաքաղաք Լիմա՝ աշխատանքի:
Տղայի երդմնակալության արարողությանը ներկա է գտնվել նրա մայրը, ինչպես նաև ծրագրին մասնակցող այլ երեխաներ: Նախարարը հավաստիացրել է, որ Խեսուսի աշխատանքային օրակարգը հագեցած է լինելու. նա կմասնակցի նախարարության պաշտոնյաների հետ հանդիպումներին:











