Ուկրաինայում «Селидовуголь» հանքավայրի աշխատակիցները 7-րդ օրն անընդմեջ հացադուլ են անում

14:59 • 08.01.19

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում պետական «Սելիդովուգոլ» ձեռնարկության հանքավայրի աշխատակիցներն արդեն 7-րդ օրն է՝ հացադուլ են անում՝ պահանջելով վճարել աշխատավարձի պարտքերը, գրում է РИА Новости-ն:


Բանն այն է, որ աշխատակիցների վերջին 4 ամսվա աշխատավարձերը չեն վճարվել, անցած տարիներից նույնպես կուտակված պարտքեր կան: Հանքափորները մեկ անգամ չէ, որ Կիևում և շրջաններում ցույցեր են անցկացրել՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը և բողոքելով մի շարք հանքերի փակման վերաբերյալ իշխանությունների մտադրությունների դեմ:

Ուկրաինայի հանքափորների անկախ արհմիության նախագահ Միխայիլ Վոլինեցն ավելի վաղ ասել էր, որ հանքափորների չվճարված աշխատավարձերի ընդհանուր գումարը գերազանցում է 40 մլն դոլարը: