Չինաստանում հաստատվել է գենետիկորեն փոփոխված սաղմով հղիության 2-րդ դեպքը
Աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաներին լույս աշխարհ բերելու սկանդալային նախագծի շրջանակում արդեն երկրորդ կինն է հղի գենետիկորեն փոփոխված սաղմով:
Ինչպես նշում է The Guardian-ը, տեղեկությունը հաստատել են Չինաստանի իշխանությունները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի չինացի գիտնական Հի Ժյանկույը հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ, համաձայն որի՝ Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները:
Հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Գիտնականը պատմել էր, որ բարեհաջող փոխել է 2018թ. նոյեմբերին ծնված երկվորյակ քույրերի գեները, որպեսզի նրանք ՄԻԱՎ-ով չվարակվեն: Մասնագետը մանրամասնել էր, որ քույրերի ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով: CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատելու ԴՆԹ-ի վրա, ակտիվացնելու անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնելու հիվանդության պատճառ հանդիսացող գենը:
Ժյանկույը նաև մանրամասնել էր, որ շուտով գիտական աշխարհը կլսի նմանատիպ մեկ այլ հղիության մասին:
Դրանց հետո Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել ու պարզել, որ հղի կինը, որի մասին գիտնականը խոսել էր, իրականում գոյություն ունի, սակայն դեռևս չի ծննդաբերել: Հայտնի է, որ կինը հղի է երկվորյակ աղջիկներով ու այժմ գտնվում է լուրջ հսկողության տակ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ժյանկույը, կեղծելով որոշ փաստաթղթեր, սեփական միջոցներով հավաքել է օտարազգի մասնագետներից կազմված թիմ ու, կիրառելով ապահովության և արդյունավետության հարցում լուրջ կասկածներ առաջացնող տեխնոլոգիա, մարդկային սաղմի վրա օրենքով արգելված գենային փոփոխություններ է արել:
Քննիչների կարծիքով՝ գիտնականն այսկերպ ցանկանում է համաշխարհային ճանաչում ստանալ:
Ընդհանուր առմամբ, սկանդալային փորձին համաձայնել է մասնակցել ութ զույգ՝ ՄԻԱՎ վարակակիր հայրեր ու առողջ մայրեր, որոնք ցանկանում են գենային փոփոխությունների միջոցով լույս աշխարհ բերել ՄԻԱՎ-ի նկատմամբ անխոցելի երեխաներ:
Գիտնականները, որոնք համակարծիք չեն չինացու տեսակետի հետ, նշել են, որ սաղմի գենոմի փոփոխությունը կարող է վնասել ոչ միայն երեխային, այլև նրա ապագա ժառանգներին, որոնք կժառանգեն փոփոխված գեները: Բացի այդ, գիտնականները կոչ են արել գենային փոփոխություններն արգելող միջազգային համաձայնագիր կնքել:
Սակայն հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Ժյանկույը հայտարարել էր, որ հպարտ է իր արածով, քանի որ դա հնարավորություն է տալիս ծնողներին միանգամայն առողջ երեխաներ ունենալու:
Հայտնի է, որ վիճահարույց տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի:
Պարբերականը նկատում է, որ սաղմերի գեների փոփոխությունն արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում, քանի որ ԴՆԹ-ի փոփոխությունները կարող են փոխանցվել ապագա սերունդներին ու անկանխատեսելի ազդեցություն ունենալ ամբողջ գենային համակարգի վրա:










