Առաջին անգամ ՀՀ-ն ադրբեջանական օդուժին հակակշիռ կունենա, սա կարևոր ձեռքբերում է և փոխում է իրավիճակը. Վ. Եվսեևը՝ Սու-30ՄՄ կործանիչների գնման մասին

21:14 • 01.02.19

Սու-30ՍՄ-ն որսացող կործանիչ է, որն ունի ոչ միայն օդային, այլև՝ ցամաքային թիրախները խոցելու կարողություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ նշելով, որ սա կարևոր ձեռքբերում է Հայաստանի ռազմաօդային ուժերի համար: Ըստ նրա՝ սա որակական հակակշիռ է ադրբեջանական ռազմաօդային ուժերին և փոխում է իրավիճակը:

- Հայաստանը Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի շրջանակում 2020թ.-ին կստանա Սու-30ՍՄ (Су-30СМ) բազմաթիրախային կործանիչ: Ի՞նչ նշանակություն կունենա այն ՀՀ Զինված ուժերի համար:

- Նախ ուշադրություն դարձրեք նրան, որ Ռուսաստանը վաճառել է Հայաստանին ոչ թե Սու-27, այլ Սու-30ՍՄ, որը Սու-27-ի կատարելագործված տեսակն է: Սու-30ՍՄ-ն որսացող կործանիչ է, որն ունի ոչ միայն օդային, այլև՝ ցամաքային թիրախները խոցելու կարողություն: Այն դասվում է 4++ սերնդի կործանիչներին, օդային տարածքում հաստատում են գերիշխանություն:  Հայաստանի Զինված ուժերի համար սա շատ կարևոր ձեռքբերում է: Առաջին անգամ Հայաստանը կունենա հակակշիռ ադրբեջանական օդուժին: Սա այն է, ինչ Հայաստանը նախկինում չուներ: Սա լուրջ սպառնալիք է ադրբեջանական ավիացիային: Սու-30ՍՄ մատակարարումը Հայաստանին որակական հակակշիռ է ադրբեջանական ռազմաօդային ուժերին:

- Ռուսական աղբյուրները նշում են, որ խոսքը 4-ից 6 կործանիչի մասին է: Հնարավո՞ր է այս քանակությամբ ապահովել Ձեր կողմից նշած որակական հավասարակշռությունը:

- Այո, եթե անգամ մատակարարման ծավալները 3-ից 4-ը լինեն, սա որակական հակակշիռ է ադրբեջանական ռազմաօդային ուժերին: Կրկնում եմ՝ ոչ թե քանակական, այլ՝ որակական հակակշիռ: Ադրբեջանական կողմը սպառազինության քանակով գերազանցում է հայկական կողմին, բայց հավասարակշռությունը ապահովվում է որակական առումով: Բալանսի խախտումը հանգեցրեց ապրիլյան պատերազմին, հիմա բալանսը վերականգնվում է որակական հակակշիռներով:

Սու-30ՍՄ-ն օդային տարածքում այնքան հզոր է, որքան «Իսկանդեր» համալիրը: Հայաստանի համար Սու-30ՍՄ-ի ու «Իսկանդերի» առկայությունը քայլ են առաջ: Սու-30ՍՄ-ի շնորհիվ Հայաստանն օդային տարածքում կունենա առավելություններ, սա կստեղծի նոր իրավիճակ: Միշտ խոսվում էր նրա մասին, որ Ադրբեջանն ունի առավելություններ օդային տարածքում, իսկ այս ինքնաթիռների ձեռքբերումը փոխում է իրավիճակը: Սրանք բազմաֆունկցիոնալ են, թիրախավորում են թե՛ գիշերը, թե՛ ցերեկը:

- Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո սա առաջին գործարքն է ռազմաարդյունաբերության ոլորտում: Ինչի՞ մասին է այն վկայում:

- Դա վկայում է նրա մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները և կատարում քայլեր, որոնք միտված են Հայաստանի անվտանգության ապահովմանը: Դուք հիշում եք, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում բազում հրապարակումներ եղան, որոնք հարցականի տակ էին դնում հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը:

Կարծում եմ, որ, այսպիսով, Ռուսաստանը ցույց տվեց, թե ինչ կարևորություն ունի իր համար Հայաստանը: Ռուսական իշխանությունները ցույց տվեցին, որ անգամ չեն էլ մտածել Հայաստանի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու մասին: ՌԴ-ի համար Հայաստանը դաշնակից է և սա հստակ պատասխան էր նրանց, ովքեր կասկածում են, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթի են: Որքան էլ որոշ փորձագետներ կամ ԱՄՆ կոնգրեսականներ փորձեն ցույց տալ, որ այս հարաբերություններում խնդիրներ կան, դա այդպես չէ: Նման տեսակետների հեղինակները նրանք են, ովքեր չեն տիրապետում իրավիճակին, ովքեր տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում:

- Եթե սա այսչափ կարևոր գործարք է, և ինչպես ասացիք, առաջին անգամ Հայաստանը կունենա հակակշիռ ադրբեջանական օդուժին, սա չի՞ ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

- Սա դրական ֆոն է ստեղծում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ: Սա թույլ կտա Հայաստանին ավելի վստահ լինել բանակցություններում: Ադրբեջանում ռևանշիստական հայտարարություններ են հնչում, թե կարող են հարվածել, հարձակվել, և այս մատակարարումներից հետո ինչ է՝ նույնը պետք է մտածե՞ն: Կարևոր չէ՝ քանի հատ ինքնաթիռ է, կարևոր է, որ դրանք կան և հնարավոր է հակահարված հասցնել: