Ռուսաստանում ոստիկանները կապել են շանը մեքենայի ետնամասից ու ստիպել վազել 200 մետր (տեսանյութ)

22:50 • 18.02.19

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայի ետնամասից կապել են շանն ու ստիպել նրան վազել մայրուղով, այս մասին գրում է lenta.ru-ն:

Հայտնի է, որ ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչությունն ականատեսների նկարահանած տեսանյութի հիման վրա համապատասխան ստուգում են սկսել:

Կադրերում երևում է, թե ինչպես է Օխա քաղաքի փողոցներից մեկում շունը, կապված լինելով ոստիկանական մեքենայից, փորձում խուսափել հանդիպակած փոխադրամիջոցի հետ բախումից: Կենդանին ստիպված է եղել վազել մեքենայից կապված վիճակում մոտ 200 մետր:

Ոստիկանության տարածքային բաժնի ղեկավար Շամիլ Հաջիևը հայտնել է, որ աշխատակիցները նման կերպ չեն ծաղրել կենդանուն, այլ վարժեցրել են:

«Սա ոստիկանական շուն է, նա պետք է պաշտպանի քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների կյանքը: Նրան պետք է մարզել»,- ասել է բարձրաստիճան ոստիկանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: