Վրաստանում մտադիր են բանակում չծառայած տղամարդկանց թույլ չտալ պետական ծառայության անցնել

16:44 • 18.02.19

Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի աշխատանքի անցնել որպես պետծառայողներ, հաղորդում է apsny.ge կայքը:

Օրենքի նախագծին կից նշումների մեջ ասվում է, որ նախաձեռնությունն ուղղված է «զինակոչի և ռազմական մոբիլիզացման կատարելագործմանը»:

Երկրի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինն իր հերթին հայտնել է լրագրողներին, որ նման օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակության մակարդակը:

«Դա շատ վատ գաղափար է, քանի որ այդ առնչությամբ երկրում կաճի գործազուրկների թիվը: Եթե խորհրդարանը հաստատի օրենքի նախագիծը, այդ փոփոխությունները ոչնչով չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, այլ մեծ վնաս կհասցնեն պետական հաստատությունների»,- ասել է Շաշկինը:

2013թ. Վրաստանի կառավարությունը հայտարարել էր փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, սակայն վերջերս, չկարողանալով կատարել իր առջև դրված առաջադրանքը, հրաժարվել էր դրանից՝ նորից վերականգնելով պարտադիր ժամկետային զինծառայությունը: