Սիրիական Իդլիբում երկու պայթյունների հետևանքով 15 մարդ է զոհվել, կա 30 տուժած

18:35 • 18.02.19

Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում տեղի ունեցած երկու խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է նահանգի՝ նույնանուն Իդլիբ քաղաքի կենտրոնում: Աղբյուրը հաղորդում է նաև 30 տուժածի մասին, որոնք ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ահաբեկչական հարձակումներն իրականացվել են երկու տարբեր մեքենաների մեջ տեղադրված պայթուցիկների գործի դրման միջոցով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am–ը, օրերս Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զգուշացում են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սիրիական Իդլիբում ծայրահեղական զինյալների գործունեության հետ կապված:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում և հատկապես Իդլիբ նահանգում զինված ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումների զգալի մասը վայելում է Թուրքիայի աջակցությունը:

Սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: