Իսրայելում կայանալիք Վիշեգրադյան խմբի ղեկավարների գագաթնաժողովը չեղարկվել է

18:19 • 18.02.19

Այսօր Վիշեգրադյան խմբի (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա)՝ Երուսաղեմում նախատեսված գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը պաշտոնապես հաստատել է այդ լուրը:

Պատճառն այն է, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի՝ ավելի վաղ արված աղմկահարույց հայտարարությունից հետո Լեհաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:

Չնայած դրան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկկողմ հանդիպումներ կունենա Սլովակիայի, Հունգարիայի և Չեխիայի վարչապետներ Պիտեր Պելլեգրինիի,  Վիկտոր Օրբանի և Անդրեյ Բաբիչի հետ:

Երուսաղեմում երկկողմ հանդիպումների քննարկման հիմնական թեման միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության տարբեր դրսևորումների ամրապնդման դեմ պայքարը կլինի:

Օրերս  իսրայելական լրատվամիջոցներում շրջանառվում էր Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, թե լեհերը համագործակցել են նացիստների հետ: Այս առնչությամբ երեկ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հրաժարվել էր մեկնել Երուսաղեմ: 

Ավելի ուշ, մենկաբանելով Նեթանյահուի խոսքերը, երկրի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ «վարչապետը պարզ է արտահայտվել» և որ «լեհերը հակասեմականությունը մայրական կաթի հետ են յուրացրել»: Իսրայելի արտգործնախարարը նաև նշել էր, որ ոչ ոք չի կարող իրենց հրամայել՝ ինչպես արտահայտվել կամ ինչպես հիշել իրենց զոհերին: