Տիգրան Խաչատրյանը Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին առնչվող հարցեր

17:12 • 18.02.19

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից  ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող  հարցեր։

ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան ներկայացրել է նախարարին ԵՆԲ գործունեությունը՝ նշելով, որ բանկն արդեն 11 տարի համագործակցում է Հայաստանի հետ։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի հետ քննարկել է ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ճանապարհաշինության, էնէերգախնայողության, ոռոգման և այլ ոլորտներում։ 

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրը։

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել հետագա համագործակցության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ։