ՆԱՍԱ-ն զվարթ տիեզերագնացներ է փնտրում դեպի Մարս ուղևորության ժամանակ թիմի տրամադրությունը բարձր պահելու համար
Տիեզերագնացները, որպես կանոն, ընկալվում են որպես լուրջ և անչափ պատասխանատու մարդիկ, որոնց տիեզերքում վստահվում է գերթանկարժեք նախագծերի իրագործումը:
Սակայն ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) դեպի Մարս երկարատև ճամփորդության համար փնտրում է զվարթ անձանց, որոնք հումորի զգացման շնորհիվ կկարողանան տևական թռիչքի ժամանակ ապահովել տիեզերագնացների թիմի բարձր տրամադրությունը:
Ըստ գիտնականների հաշվարկի՝ դեպի Մարս թռիչքը կարող է տևել մոտ երկու տարի: Մարդու մասնակցությամբ առաջին թռիչքը նախատեսված է իրագործել 2030-ական թվականներին:
ՆԱՍԱ-ի մասնագետները համոզված են, որ թիմը պատմական ուղևորության ընթացքում բազմաթիվ բարդ պահեր է ունենալու, ուստի՝ նրանց շարքում զվարթ և անհոգ անդամի ներկայությունը կօգնի թիմին հաղթահարել մեկուսացման ծանր ժամանակաշրջանները:
«Խումբը լավագույն արդյունքը ցույց կտա, եթե նրանցից մեկը «ծաղրածուի» դեր ստանձնի: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք բոլորին միավորելու, լարված պահերին իրավիճակը ցրելու ու բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու կարողություն ունեն»,-նշել է ՆԱՍԱ-ի խորհրդական, պրոֆեսոր Ջեֆրի Ջոնսոնը:
Որպես իր տեսակետի ապացույց՝ նա ներկայացրել է պատմական օրինակ. «Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նորվեգացի հետազոտող Ռուալ Ամունդսենը կարողացավ հաղթել բրիտանացի Ռոբերտ Սքոթին՝ առաջինը Հարավային բևեռ հասնելու հարցում: Պատճառն այն է, որ նորվեգացիների թիմում «ծաղրածու» կար»:
«Ամունդսենը Ադոլֆ Լինդսթորմ անունով խոհարար ուներ: Մարդկանց բնութագրմամբ՝ նա միշտ ծիծաղում էր, ուրախ էր և երջանիկ: Այլ կերպ ասած՝ նա զվարճացնողն էր, որի շնորհիվ մարդկանց տրամադրությունը միշտ բարձր էր: Մինչդեռ Սքոթի թիմում այդպիսի մարդ չկար: Դեպի Մարս մեկնելիք տիեզերագնացները ևս Լինդսթորմի պես մեկի կարիքը կունենան»,-եզրափակել է պրոֆեսորը:










