Իտալիայում ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Ռենցիի ծնողներին

12:07 • 19.02.19

Իտալիայում ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողներին, գրում է ANSA գործակալությունը: Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին այժմ գտնվում են տնային կալանքի տակ, նրանց մեղադրում են խարդախության համար:

Գործակալության տվյալներով՝ նրանց դեմ մեղադրանք է ներկայացվել իրենց պատկանող ընկերությունները հանցավոր ճանապարհով սնանկացնելու և կեղծ հաշիվներ օգտագործելու համար:

«Ես լիովին վստահում եմ Իտալիայի արդարադատությանը, բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են»,- ասել է Մատեո Ռենցին՝ հավելելով, որ դեռ ոչ ոք նման անհեթեթ մեղադրանք չէր լսել:

«Ուզում եմ, որ բոլորին պարզ լինի՝ ես դույզն-ինչ չեմ զիջի: Քաղաքականությունն անձնական սովորություն չէ, այլ բարոյական պարտք: Եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է քաղաքական մրցավազքից հակառակորդին դուրս մղելու նպատակով դատական ռազմավարություն գործի դնել, թող իմանա, որ սխալ մարդու հետ գործ ունի: Ես երբեք այլ երկիր ու արդար արդարադատություն ստեղծելու այնպիսի ցանկություն չեմ ունեցել, ինչպես այս երեկո»,- պարզաբանել է Իտալիայի նախկին վարչապետը:

Հիշեցնենք, որ 2014-2016թթ. Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Մատեո Ռենցին 2016թ.-ի դեկտեմբերի 12-ին ստիպված է եղել հրաժարական տալ, երբ հանրաքվեի արդյունքում իր առաջարկած սահմանադրական բարեփոխումների ծրագիրը չի ընդունվել: