Վենեսուելան Ռուսաստանից 300 տոննա հումանիտար օգնություն կստանա
Փետրվարի 20-ին Ռուսաստանը 300 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գիտնականների հետ հանդիպման ժամանակ:
«Ամեն օր մենք հումանիտար օգնություն ենք ստանում: Չորեքշաբթի Ռուսաստանից օրինական կերպով 300 տոննա հումանիտար օգնություն կհասնի Կարակասի միջազգային օդանավակայան»,- ասել է Մադուրոն՝ հավելելով, որ խոսքը հիմնականում դեղամիջոցների մասին է:
Երկրի Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուաիդոն, որը Վենեսուելայում ստեղծված իրավիճակի ֆոնին իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, ավելի վաղ հայտնել էր փետրվարի 23-ին սպասվող հումանիտար օգնության մասին: Նա նաև հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնություն տեղափոխող 3 ինքնաթիռների՝ Կոլումբիա ժամանելու մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մի շարք այլ երկրների հետ ճանաչել է երկրի նախագահի պաշտոնում Գուաիդոյի իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը երկրի օրինական նախագահ է համարում Մադուրոյին:
Ավելի վաղ Վենեսուելայի սահմանապահ զորքերը թույլ չէին տվել, որ ԱՄՆ-ի ուղարկած օգնությունը մուտք գործի Վենեսուելա, իսկ Մադուրոն ԱՄՆ-ի նման քայլը ռազմական միջամտության պատրվակ էր որակել:










