Մոտ 40 տարի վերացած համարվող՝ աշխարհում ամենամեծ մեղուն հայտնաբերվել է Ինդոնեզիայում (տեսանյութ)
Հասուն մարդու բթամատի մեծությամբ, բզեզի պես ամուր ծնոտներով ու սովորական մեղվից քառակի անգամ մեծ. Ինդոնեզիայում 38 տարի անց կրկին հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մեղուն (Megachile pluto):
Ինչպես նշում է The Guardian-ը, 38 տարի շարունակ գիտնականները համարում էին, որ այս տեսակը վերացել է: Սակայն այժմ այն հայտնաբերվել է Հյուսիսային Մալուկու կղզում:
Հյուսիսամերիկացի և ավստրալացի կենսաբանները Megachile pluto-ի էգին հայտնաբերել են ծառի մեջ՝ տերմիտների բնում:
«Սա պարզապես ապշելու է՝ նորից տեսնել «թռչող հսկային», որին անհետացած էինք համարում, և վստահ էինք դրանում: Դա պարզապես անհավատալի էր սեփական աչքով տեսնել ամենամեծ մեղվին, լսել դրա ահռելի թևերի շարժման ձայնը»,-պատմել է խմբին ուղեկցող լուսանկարիչ Քլեյ Բոլթը:
Պարբերականը հավելում է, որ տեսակն առաջին անգամ հայտնաբերել է բրիտանացի բնագետ Ալֆրեդ Ուոլիսը՝ ինդոնեզական Բական արևադարձային կղզում: Այնուհետև մեղվին կրկին տեսել էին 1981թ.՝ Ինդոնեզիայում: Այդ ժամանակվանից ի վեր կենսաբանները ջանք չեն խնայել միջատին նորից գտնելու համար:










