Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին լուսնագնացը
Ամերիկյան արտադրության SpaceX Falcon 9 հրթիռը, որին կցված է Իսրայելի առաջին լուսնագնացը, բարեհաջող տիեզերք է արձակվել, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նկատում է, որ առաքելության հաջող ընթացքի դեպքում, Իսրայելը կդառնա աշխարհում չորրորդ պետությունը, որի արձակած սարքին հաջողվել է Երկրից կառավարվող վայրէջք կատարել մոլորակի բնական արբանյակի մակերևույթին:
Սպասքի լվացման մեքենայի չափով սարքը կոչվում է «Բերշիթ», ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «սկիզբ»:
Լուսնագնացն արձակվել է Ֆլորիդա նահանգի «Կանավերալ» արձակման կայանից: Այն Երկրի ուղեծիր է դուրս եկել արձակումից 34 րոպե անց: Նախատեսված է, որ սարքը վերջնակետին կհասնի ապրիլի կեսին: Վայրէջքից հետո «Բերշիթ»-ն իր գործիքներով կլուսանկարի տեղանքը, կչափի Լուսնի մագնիսական դաշտը:
Լուսնային կարճատև առաքելության ավարտին մասնագետները կանջատեն սարքն ու «Բերշիթ»-ին կթողնեն Լուսնի վրա:
Նշվում է, որ առայժմ միայն երեք երկրի է հաջողվել իրենց սարքերն իջեցնել Լուսնի մակերևույթին: Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ն ու Չինաստանը:










