Microsoft-ի աշխատակիցները ղեկավարությանը կոչ են արել լուծարել Պենտագոնի հետ կնքված պայմանագիրը

23:19 • 23.02.19

Ամերիկյան Microsoft ընկերության մի խումբ աշխատակիցներ իրենց ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել 480 մլն դոլար արժողությամբ պայմանագրից, որով նախատեսվում է HoloLens հավելյալ իրականության ակնոց մատակարարել ԱՄՆ բանակին:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ տվյալ պայմանագիրը տեխնոլոգիական ընկերությունը շահել էր անցյալ տարվա նոյեմբերին: Ինչպես հաղորդվում էր, զինված ուժերը, ընդհանուր առմամբ, կարող են մինչև HoloLens 100 000 ակնոց ձեռք բերել, որոնք ամերիկացի և իսրայելցի զինվորականները նախկինում արդեն օգտագործվել են ուսումնավարժական նպատակներով: Նորագույն սարքավորումներն ամերիկյան բանակը մտադիր է կիրառել իրական գործողությունների ժամանակ:

«Մենք մտահոգված ենք այն հանգամանքով, որ Microsoft-ն աշխատում է ԱՄՆ զինվորականներին զենքի տեխնոլոգիա մատակարարելու ուղղությամբ՝ օգնելով երկրի կառավարությանը «մեծացնել մահացությունը» մեր ստեղծած սարքերի օգնությամբ: Մենք սպառազինման մշակման համաձայնություն չենք տվել և պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը մեր աշխատանքի օգտագործման հարցում»,- ասվում է նամակում, որում իրենց ստորագրությունն են թողել ընկերության 50 աշխատակից:

 

 

Microsoft-ի աշխատակիցները ղեկավարությանը կոչ են արել լուծարել Պենտագոնի հետ կնքված պայմանագիրը