Պաշտոնական Անկարան չի հավատում հայկական կողմի անկեղծությանը. Էրդողանի խորհրդականը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին

19:22 • 25.02.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յալչըն Թոփչուն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Անկարան չի հավատում հայկական կողմի անկեղծությանը:

«Հայաստանին հավատալը կլիներ չափից դուրս մեծ լավատեսություն», - ասել է Էրդողանի խորհրդականը՝ պնդելով, թե հայերը «Ռուսական կայսրության օգնությամբ կոտորել են Անատոլիայի խաղաղ բնակչությանը»:

Ավելին՝ Թոփչուն համոզված է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի «1915-ի դեպքերի վերաբերյալ ունեցած պահանջներից» և պատասխան տա ԱՍԱԼԱ-ի՝ թուրք դիվանագետների դեմ իրականացրած գործողությունների համար:

Թուրքիայի ղեկավարի խորհրդականն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը պարզ է ու հստակ.

«Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը և ներողություն խնդրի կատարած հանցագործությունների համար, ինչից հետո Թուրքիան, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, գնահատական կտա տվյալ քայլին», - ասել է Թոփչուն: