TikTok հավելվածը տուգանվել է 5,7 մլն դոլարով՝ երեխաների անձնական տվյալները չպաշտպանելու համար
ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը (FTC) 5,7 մլն դոլարով տուգանել է չինական TikTok հավելվածը մշակողներին՝ երեխաների առցանց գաղտնիության պահպանման մասին օրենքի (COPPA) խախտման համար, գրում է The Wall Street Journal-ը:
Կարճատև տեսանյութերի փոխանակման հայտնի հավելվածին մեղադրում են 13 տարեկանից ցածր երեխաների անձնական տվյալներն առանց վերջիններիս ծնողների թույլտվության հավաքելու համար, այդպիսով՝ երեխաների անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները, լուսանկարներն ու տեսանյութերը հասանելի են դարձել համացանցային տիրույթում:
TikTok-ից նաև պահանջել են հեռացնել բոլոր այն տեսանյութերը, որոնք նկարահանվել ու տեղադրվել են 13 տարեկանից ցածր երեխաների կողմից:
Հավելվածին նշանակված տուգանքը ռեկորդային է նման տեսակի գործերի պատմության մեջ:
Հայտնի է, որ ի սկզբանե FTC-ն առարկություններ է ունեցել Musical.ly հավելվածի աշխատանքի հետ կապված, որը միավորվել է TikTok-ի հետ 2017-ին:
TikTok-ում ընդունել են իրենց թերացումն ու թարմացրել են հավելվածը՝ առաջադրված պահանջներին համապատասխան:










