Twitter-ն օգտատերերին թույլ կտա թաքցնել անցանկալի մեկնաբանությունները
Twitter սոցցանցի օգտատերերը շուտով իրենց հրապարակումների տակ արված անցանկալի մեկնաբանությունները թաքցնելու հանարավորություն կունենան, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով TechCrunch-ին:
Օգտատերերը նոր գործառույթից օգտվելու առաջարկությունը կստանան «կիսվել» կոճակը սեղմելիս: Ընկերությունը համարում է, որ օգտատերերը չեն կարողանում պաշտպանվել անցանկալի մեկնաբանություններից և փորձում է ուղղել դա: Նոր գործառույթը նման կլինի YouTube-ի և Reddit-ի նմանատիպ գործառույթին, որը թույլ է տալիս արգելափակել մեկնաբանելու հնարավորությունը:
Նշվում է, որ անցանկալի մեկնաբանություններն, այնուամենայնիվ, չեն ջնջվի: Այլ օգտատերերը կարող են կարդալ դրանք՝ սեղմելով «դիտել թաքցված մեկնաբանությունները» կոճակը:
Նոր գործառույթն առայժմ փորձարկվում է և հայտնի չէ, թե օգտատերերը երբ կկարողանան օգտվել այդ հնարավորությունից: Աղբյուրն ընդգծում է, որ այն կարող է ինչպես օգտակար լինել, այնպես էլ վնասակար, քանի հնարավորություն կտա քաղաքական գործիչներին թաքցնել իրենց սխալներն ու թերությունները մատնանշող մեկնաբանությունները:










