35 000 դոլար. Tesla-ն 3 տարի սպասեցնելուց հետո ներկայացրել է Model 3-ի ամենամատչելի տարբերակը
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Model 3 էլեկտրական շարքի ամենամատչելի սեդանը՝ 35 000 դոլար արժողությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ընկերության հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը 2016թ. ի վեր խոստանում էր զանգվածային շուկայի համար Model 3-ի մատչելի տարբերակը ներկայացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա անընդհատ հետաձգվում էր:
Ընկերությունը հավանական գնորդներին թույլ է տալիս գնելուց առաջ յոթ օրով վարձակալել մեքենան, փորձարկել այն և հետո նոր միայն գնելու որոշում կայացնել:
Նշվում է, որ նորույթը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 354 կմ՝ առավելագույնը զարգացնելով 210 կմ/ժ արագություն: Մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,6 վայրկյանում:
Մեքենայի՝ տեխնիկական բնութագրի տեսանկյունից ավելի հզոր մոդելի գինը 37 000 դոլար է:












