Բարբարոսություն է. եթե մի քիչ ավելի ջանքեր թափեին, հնարավոր էր ֆասադը պահել, ուրիշ լուծում գտնել. ճարտարապետը՝ Խորենացու 13 շենքի ճակատի ապամոնտաժման մասին

16:08 • 03.03.19

Դա նախկին արատավոր պրակտիկայի շարունակությունն է, երևույթը բարբարոսություն է, այսինքն՝ մենք քաղաքի հետ այդպես էլ չենք ուզում վարվել ծրագրային մոտեցումներով, անընդհատ հատվածական խնդիրներ ենք լուծում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Բորիս Քոչարյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի պարզաբանմանը, ըստ որի՝ Խորենացի փողոցի 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը և ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է:

«Նման բաները պետք է լայն հասարակական քննարկման դրվեն, ենթադրենք՝ ունի հիմնավորվածություն, հասարակությունը պետք է դրան ծանոթանա, քննարկի և երբ ավարտվի այդ քննարկումները, խնդրեմ՝ քանդե՛ք, նորը կառուցե՛ք. այդ ամենը չի կատարվել: Մենք երևույթների հետևից ենք գնում»,- ասաց նա:

Ըստ ճարտարապետի՝ այսօր այդ շենքը փրկել հնարավոր չէր, քանի որ քանդված էր, և մնացել էր դիմացի պատը: «Իմ կարծիքով՝ շենքը փրկել չէին կարող, այն, ինչ արվել է, արվել է մինչ այսօր, բայց եթե մի քիչ ավելի ջանքեր թափեին, շատ գումար ծախսեին, հնարավոր էր ֆասադը պահել, ուրիշ լուծում գտնել, բայց դա արդեն նախագծային մոտեցում է: Եթե մասնագետը խնդիր ունի պահելու, կնստի, կմտածի՝ ոնց պահել, եթե այդ խնդիրը չունի, չպահելն ավելի հեշտ է»,- ասաց նա:

Դատելով հրապարակված նկարները՝ ճարտարապետը նկատեց, որ կարծես թե ընդարձակ ծրագիր է իրականացվում, մեծ ծավալի աշխատանք, մեծ միջոցներ են ներդրվում:

«Մոտեցումներն ավելի գլոբալ են, և «մանր-մունր» հարցերի վրա չեն կանգնել: Քաղաքի վերակառուցման, զարգացման ծրագրեր չկան: Իսկ քաղաքն առանց ծրագրերի չի կարող զարգանալ, մենք շինարարություն ենք անում, քաղաքաշինություն չենք անում, քաղաքաշինությունը մեզ մոտ վերացել է»,- ասաց նա: